Ընտրությունները լինելու են մրցակցային նաև գաղափարախոսության առումով. Աշոտյան
Առաջիկա ընտրությունները լինելու են մրցակցային,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ոչ միայն ներգրավված տարբեր քաղաքական ուժերով, այլև նրանով, որ առաջադրված քաղաքական ուժերն են գաղափարական լայն հորիզոն:
«Ներգրավված են ինչպես կոմունիստներ, այնպես էլ ծայրահեղ ազատականներ, ժողովրդավարներ և այլն, այսինքն՝ ընտրողը տեսականորեն հնարավորություն կունենա ընտրելու այս կամ այն ուժին, հետևաբար նաև գաղափարախոսությունը: Վերլուծելով տարբեր քաղաքական ուժերի կարգախոսները՝ կարելի է ասել, որ ուժերը փորձել են սեփական ամբիցիաները համապատասխանեցնել հասարակության ակնկալիքներին: Կան քաղաքական ուժեր, որոնք կենտրոնանում են ավելի շատ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա, ոմանց կարգախոսները մեզ տանում են դեպի անցյալ: «Հանրապետական» կուսակցությունը հավանաբար այն բացառիկ կուսակցություններից է, որ շեշտը դնում է անվտանգության խնդրի վրա»,-մանրամասնեց նա։
Աշոտյանը նշեց, որ անվտանգային գործոնը տարածաշրջանի համար կարևորագույն խնդիրներից է, և առավել ուշադրություն հենց այս ոլորտն է պահանջում. «Կուսակցության քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդել, տալ ընտրողներին հեռանկարներ, երկրի արտաքին և ներքին կյանքի մասին պատկերացում, առաջարկելու ենք ոլորտային գերակայություններ և իրավիճակի մաքսիմալ վերլուծություն: Դրանով է հենց պայմանավորված կարգախոսի երկրորդ բառը անվտանգություն, այսինքն՝ անվտանգություն և առաջընթաց, որի կարիքն ունի Հայաստանը, ողջ հասարակությունը, յուրաքանչյուր քաղաքացի անկախ քաղաքական իր դիրքորոշումից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան