ՀՀԿ փոխնախագահը խոստանում է «սպիտակ քարոզ»
«Գալիք քարոզարշավում մեր քաղաքական թիվ մեկ խնդիրն է ներկայացնել երկրի զարգացման մոդելը, տալ մեր ընտրողին հնարավորություն ծանոթանալու մեր պատկերացումներին Հայաստանի ներքին և արտաքին կյանքի հեռանկարների մասին՝ ըստ ոլորտների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով թե ինչպիսի քարոզարշավ են ունենալու։
Նա շեշտեց, որ իրենք առաջարկելու են տարաբնույթ ոլորտային գերակայություններ և տալու են իրավիճակի «մաքսիմալ պրոֆեսիոնալ» վերլուծություն և զարգացման հնարավորություն՝ ինչով էլ պայմանավորված իրենցր կարգախոսի երկրորդ բաղադրիչը՝ առաջընթաց բառը։
«Մենք սևեռվելու ենք բացառապես սեփական տեսակետները ներկայացնելու վրա, չենք խորշելու նաև հանրային հնարավոր բանավեճերից, ողջունելու ենք մասնագիտական բանավեճերն այս կամ այն ոլորտի շուրջ, ձեռնամուխ չենք լինելու երբեք չթույլատրված, գրված և չգրված օրենքներով չողջունվող քարոզարշավային տեխնոլոգիաներին։ Բացարձակ ցանկություն չունենք մտնելու մի դաշտ, որը քաղաքականությունից տանելու է դեպի անձնավորված պիտակավորումներ, տանելու ենք բացառապես «սպիտակ քարոզարշավ», օգտվելու ենք քարոզարշավի նորագույն մոտեցումներից, փորձելու ենք գալիք ընտրությունները դարձնել երկրի զարգացման հնարավորություն»,- ներկայացրեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը ցանկություն հայտնեց, որ բոլոր քաղաքական ուժերն այդպես վարվեին և սեփական «ես»-ը մեծացնելու համար չօգտվեին դիմացինին պիտակավորելու մանիպուլյացիաներից։
«Բայց ցավոք սրտի, խորշել որ այս քարոզարշավում նման երևույթներից չենք կարող, քանի որ մեր քաղաքական մրցակիցներից ոմանք կարծես թե արդեն սկսել են նմանատիպ մանիպուլյացիոն պայքար։ Սոցիալական ցանցերում արդեն տեսնում ենք, թե ինչ կրկնակի աճ են ապրել ֆեյքերի քանակը, տեսնում ենք, թե ինչքան շատ են սև քարոզչության համար ստեղծված բովանդակությունը։ Փոքր երկիր է, բոլորս հասկանում ենք, ով է անում, ինչու է անում։ Այնքան հեշտ է Հայաստանում հայտնաբերել՝ թե այս կամ այն հակաքարոզչության հետևում որ քաղաքական ուժն է կանգնած։ Մենք այդ քայլերին չենք դիմում, բայց բաց պատասխան տալու ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ապրիլի 2-ը լինելու է Հայաստանի զարգացման մոդելների ընտրության օր։