Նովոսիբիրսկում նախատեսված Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը չի կայանալու
Այս տարվա ընթացքում նախատեսված էր Նովոսիբիրսկում կազմակերպել Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը: Panorama.am-ին Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ասաց, որ Նովոսիբիրսկի հայկական համայնքը պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել ցուցահանդեսը, սակայն տեսնելով, որ «բավական թանկ հաճույք» է՝ նկարների ապահովագրում, կատալոգի տպագրություն, հրաժարվեց աջակցել, ապահովել այդ ամենը:
«Նովոսիբիրսկի հայկական համայնքի ցանկությունն էր, խնդրանքը, որ նման ցուցահանդես կազմակերպվի այնտեղ: Սակայն այն չի կայանալու: Վերջին րոպեին պարզվեց, որ նրանք ի վիճակի չեն ապահովել ֆինանսական մասը Սարյանի ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- նշեց նա:
Վաղը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Ռուզան Սարյանն ասաց, որ նախատեսում են այցելություն պանթեոն, ծաղիկներ կդնեն հուշարձանին, այնուհետև կհավաքվեն թանգարանում:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում: 1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների: 1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող:
1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում:
Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը: 1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:
1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով: Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: 1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը: Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում:
1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում: 1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենումՌումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին: