Արմեն Մկրտչյան. «Մեր նպատակը մեկն է` մարզվում ենք չեմպիոն դառնալու համար»
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի հետ առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ արդեն հասցրել է ընկերանալ ըմբիշների հետ:
«Տղաներն ինձ շատ լավ ընդունեցին: Մենք շուտ ընկերացանք: Բոլորն էլ լավն են և հասկացող: Փորձում եմ հավաքն անցկացնել իմ ծրագրով: Տղաները տեսնում են նոր վարժություններ և ինձ ասում են դրանց արդյունավետության մասին: Առաջիկայում կմասնակցենք Թուրքիայի մրցաշարին: Դրանից հետո, նախքան Եվրոպայի առաջնությունը, հավաք կունենանք Վլադիկավկազում, ապա Երևանում:
Չեմ ցանկանում առաջ ընկնել ու արդյունքների մասին խոսել: Սակայն, տղաներին ասել եմ` մեր նպատակը մեկն է` մարզվում ենք չեմպիոն դառնալու համար: Կորցնելու ժամանակ չունենք: Նրանք հասկանում են ինձ և իրենք էլ ձգտումներ ունեն: Փորձում են ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել:
Մենք ունենք աշխարհի չեմպիոն Գեորգի Կետոև, բայց, եթե նա չկարողանա միջազգային ասպարեզում արդյունքի հասնել` կփոխարինենք: Դա դաս կլինի ըմբիշի համար, որ ավելի լավ մարզվի և չեմպիոնության ձգտի: Նույնը Սաֆարյանի և Բերիանիձեի դեպքում` եթե նրանք ցանկանում են գոտեմարտել` պետք է փորձեն»,- նշել է Արմեն Մկրտչյանը: