Բուլդոզերի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է. Արամ Ասատուրյան
Փետրվարի 15-ին ՊՆ մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորը գլորված բուլդոզերի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայող Արմեն Պուխայի առողջական վիճակը բավարար է: Այս մասին Panorama.аm-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Պուխայի վիճակը միջին ծանրությանն է, դեռևս գտնվում է վերակենդնացման բաժանմունքում»,- ասաց հոսպիտալի պետը:
Բուլդոզերում գտնվող մյուս պայմանագրային զինծառայող Վրույր Ներսիսյանի առողջական վիճակը նույնպես բավարար է: Նա ունի կրծքավանդակի փակ վնասվածք, դաստակի կոտրվածք և բազմաթիվ սալջարդեր:
Արամ Ասատուրյանը հայտնեց, որ օրեր առաջ Վ.Ներսիսյանը տեղափոխվել է հիվանդասենյակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ: ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է: