Ակցիա Թբիլիսիում` ընդդեմ Ադրբեջանի գործողությունների
Այսօր Թբիլիսիում` Վրաստանի aրտաքին գործերի նախարարության դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի գործողությունների, որոնք Վրաստանի քաղաքացիների մեջ միմյանց հանդեպ ատելություն են սերմանում: jnews.ge կայքը գրում է, որ ակցիան կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը:
Ցուցարարները հավաքվել են Խորհրդարանի մոտ և ուղևորվել Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է կանխել հարևան երկրի` Ադրբեջանի միջամտությունը Վրաստանի քաղաքականության մեջ:
Փետրվարի 25-ին մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ Ռուսթավելի պողոտայի վրա անցկացրել են ֆլեշ-մոբ: Ակտիվիստները բաժանել են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին պատմող բուկլետներ: Ըստ աղբյուրի, ակցիային ներկա են եղել նաև մարդիկ, ովքեր եկելեն Ադրբեջանից, ինչն էլ դարձել է հասարակական կազմակերպությունների դժգոհության պատճառը:
«Վրաստանի հայ համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանն հայտարարել է. «Մենք Վրաստան պետությունից պահանջում ենք, որ նրանք թույլ չտան հարևան երկիրը իր դեսպանատան միջոցով միջամտի երկրի ներքին գործերին և հրահրի Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցիներին ու հայերին հակամարտությունների Վրաստանի տարածքում: Վերջերս դա իրականանում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջնորդությամբ և ֆինանսական աջակցությամբ: Իշխանությունները կարծես թե աչք են փակում դրա վրա, ինչը և վտանգի տակ է դնում երկրի անվտանգությունը, ժողովրդավարությունը և ապագան: Հենց սա է բողոքի ակցիայի պատճառը, և մենք հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ ԱԳՆ-ն կգործի ըստ օրենքի, այսինքն, կպաշտպանի Վրաստանի անկախությունն ու օրենքները»:
Բողոքի ակցիայի վերջում «Վրաստանի հայ համայնքը» նամակ է հանձնել արտաքին գործերի նախարարությանը: