Լիաննա Թորոսյան. Հայաստանում այս պահին տարածված է գրիպի B տեսակը
Հունվարին Հայաստանում տարածված էր գրիպի A տեսակի H3 ենթատեսակը, իսկ հիմա՝ գրիպի B տեսակը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Եթե հունվարին հանրապետությունում գործ ունեինք գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հետ, որը հայտնի է որպես հոնկոնգյան գրիպ, ապա այս վերջին մեկ ամսվա ընթացքում գրիպի այդ ենթատեսակը, կարելի է ասել, ընդհանրապես չի արձանագրվում լաբարատոր փորձաքննությունների արդյունքում: Խուճապի հիմք չկա»,-ասաց նա:
Մասնագետը հասկանում է, A-ն ու B-ն հանրությանը որևէ բան չեն ասում, պարզաբանում է՝ դա պետք է համաճարակաբաններին: Բնակչության համար մանրամասնում է.
«Որոշակի վերապահումով, այս վիրուսների պարագայում առաջանում են նույն ախտանիշները:
Հիշեք՝ գրիպը երբեք թեթև չի անցնում, գրիպի դեպքում քթահոսություն չի լինում, այն չոր է ընթանում՝ ուղեկցված բարձր ջերմությամբ: Գրիպն անկողնային ռեժիմ է պահանջում: Փռշտոցը, քթահոսությունը բնորոշ են մյուս վիրուսներին»:
Հայաստանում այսօր մասնագետներն արձանագրում են՝ գործ ունենք շնչառական հիվանդությունների այլ հարուցիչների հետ: Դրանք ռինովիրուսներն են, ադենովիրուսները, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսները, մետապնևմովիրուսները:
«Այս անուններն էլ բնակչությանը որևէ բան չեն ասում, սակայն հիվանդությունն արտահայտվում է նույն ախտանիշներով՝ բարձր ջերմություն, մարմնի ջարդվածության զգացողություն, գլխացավեր, կախված օրգանիզմի առանձնահատկություններից կարող է բարդություններ առաջանալ կամ չառաջանալ»,-ասաց Լ. Թորոսյանը:
Համաճարակաբանը նշեց, որ տարվա այս շրջանում միշտ էլ եղել են այս հարուցիչները: «Դրանք խաչաձև իմունիտենտ չեն առաջացնում: Եթե այսօր ես հիվանդացել եմ ռինովիրուսով, ապա վաղը շատ հանգիստ կարող եմ հիվանդանալ ադենովիրուսով: Այս հարուցիչները բնության մեջ մշտապես շրջանառվում են»,-բացատրեց մանսանգետը:
Թե ինչու են ավելի հաճախ գարնան ընդառաջ սրվում են այս հիվանդությունները, դա էլ բացատրություն ունի՝ ողջ ձմեռվա ընթացքում վիտամինների պաշարը սպառվում է, իմունային համակարգն էլ՝ թուլանում:
«Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են, որ այս հիվանդության ամբողջ համատեքստում 96 տոկոսը կազմում են երեխաները, մասնավորապես 0-5 տարեկան երեխաները»,-ասաց մասնագետը:
Նա հիշեցրեց, այս վիրուսների դեպքում անտիբիտիկները չեն օգնում.
«Ինքնաբուժմամբ մի զբաղվեք: Ձեզ մի նշանակեք անտիբիոտիկներ ու դեղատներից գնացեք, վերցրեք: Չնայած հիմա դա էլ չեք կարող: Հակաբիոտիկ կարող է նշանակել միայն բժիշկը, երբ տեսնում է կա նաև մանրէային այլ ֆլորա՝ միացած տվյալ հիվանդությանը»:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով, շնչառական վարակների սեզոնի սկսում է հոկտեմբերին, ավարտվում է մինչև ապրիլի վերջ:
«Նախորդ տարվա սեզոնի նույն ժամանակահատվածի համամետ այս տարի բավականին մեղմ սեզոն ենք ունեցել: Պոլիկլինիկաներ դիմելիությունը կրկնակի նվազել է, շտապօգնության կանչերը ևս նվազել են: Այսօր դիտվող աշխուժացումը՝ դեկտեմբերի ու հունվարի համեմատ, այս սեզոնի երկրորդ պիկն է: Առաջին պիկը լինում է նոյեմբերին, երկրորդը՝ փետրվարի 10-ից հետո: Այնպես որ դա բնականոն է ու համահունչ տվյալ ժամանակահատվածին»,-հանգստացրեց Թորոսյանը:
Թոքաբորբով հիվանդները ընդհանուր հիվանդների 10 տոկոսն են կազմում, նրանց մեծ մասը երեխաներ են:
«Ամեն տարի էլ դիտվում է սուր շնչառական հիվանդությունների մանկական ուղղվածություն: Եթե երեխայի համար դիմում են բժշկական կենտրոն, ապա նրան հոսպիտալացնում են, դրանով էլ պայմանավորված է մեր ստացիոնարների ծանրաբեռնված աշխատանքը»,-նշեց նա:
Հիվանդությունններից խուսափելու համար Լիանա Թորոսյանը հորդորում է չխաբվել եղանակի՝ փոքր ինչ տաքացմանը, դա հիմք չէ թեթև հագնվելու համար, մրսածությունը կնպաստի վիրուսների «ծաղկմանը»:
«Եվս մեկ անգամ ուզում եմ բնակչությանը կոչ անել, որ հագնվեն եղանակին համահունչ, չշփվեն հիվանդ մարդկանց հետ, եթե հիվանդ են, ապա պետք է մի քանի օր տանը մնան: Խորհուրդս և խնդրանքս մեր ծնողներին, մի ուղարկեք հիվանդ երեխաներին դպրոց և մանկապարտեզ: Դուք դրանով բարդացնում եք ձեր երեխայի վիճակը, բացի այդ նա պատճառ է հանդիսանում մյուս առողջ երեխաների հիվանդանալուն: Ձեռքերը պետք է հաճախակի լվանալ հոսող ջրով ու օճառով, փակ տարածնքերը պետք է միշտ օդափոխել»,-կանխարգելիչ քայլերի մասին հիշեցրեց համաճարակաբանը: