Լևոն Ջուլֆալակյան. «Ստախոսությունը լավ բան չէ»
Ըմբշամարտի ֆեդերացիայում որևէ մարզիկի, մարզչի ոչ աշխատավարձ,ոչ կրթաթոշակ, և ոչ էլ պարգևավճար երբևէ չի ուշացել և չի ուշանում: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեցին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները` հերքելով այն տեղեկատվությունը, թե մարզիկներն արդեն քանի ամիս է աշխատավարձ չեն ստացել։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ տհաճ է նման բաներ կարդալն այն դեպքում, երբ ընտրանու մարզչական շտաբը ու մինչև անգամ մերսող բժիշկը պատշաճ վարձատրվում են:
«Հավաքականում բոլորն իրենց աշխատավարձերն ստանում են առանց ուշացումների: Այս ինֆորմացիան սխալ է և մենք նման խնդիր չունենք: 2009 թ. Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է և այս տարիներին մեր թիմը մասնակցել է մի շարք մրցաշարերի ու մեդալներ բերել: Ոչ ոք դժգոհ չէ: Բոլորն ստացել են իրենց գումարը: Ստախոսությունն ամենևին լավ բան չէ և չի կարելի լավը չգնահատել, իսկ եթե նման բան է տարածում մեր շրջապատից որևէ մեկը, ուրեմն նա մարդ կոչվելու իրավունք չունի»,- ասել է Ջուլֆալակյանը: