Քաղաքական 16:43 28/02/2017 Հայաստան

ՀՀ նախագահ. Մեր սահմանած նշաձողը բարձր է՝ ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: 

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցել կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ փոխհարաբերությունների ուսումնասիրությամբ, լսարանին հակիրճ ներկայացրել է Հայաստանի Նախագահին, որից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Լսարանին հետաքրքրել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի տեսակետներն ու գնահատականները: 


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Կարնեգի» կենտրոնում

«Հարգելի՛ պարոն Լեհնե,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ինձ համար, իհարկե, պատիվ է ելույթ ունենալ «Հանուն համաշխարհային խաղաղության» Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառման ժամանակ : Դուք առաջին անգամ եք ինձ հյուրընկալում, բայց ես ջերմությամբ եմ հիշում Վաշինգտոնի ձեր կենտրոնական գրասենյակում ունեցած հանդիպումներն ու քննարկումները: Նման հեղինակավոր հարթակները հնարավորություն են ընձեռում մի կողմից՝ ներկայացնելու մեր երկրում տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, մյուս կողմից՝ հենց մենք աղբյուրից հաղորդակից ենք դառնում փորձագիտական վերջին մշակումներին, վերլուծություններին ու մոտեցումներին:

Եվ վերջապես, համաշխարհային խաղաղության գաղափարը, որ դրված է հիմնադրամի հիմքում, այն նպատակն է, ինչին մշտապես ձգտել և ձգտում է ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Հարգելի՛ գործընկերներ,

Էնդրյու Կարնեգին ասում էր. «Սովորեցրե՛ք մարդկանց լավ քաղաքացիներ լինել, և դուք կլուծեք կյանքի խնդիրը»: Անվիճելի է, որ քաղաքացին պետության հաջողության գրավականներից է: Որքան կայացած ու իրազեկ է քաղաքացիական հասարակությունը, այնքան արդյունավետ են գործում պետական ինստիտուտները: Ամուր քաղաքացիական հասարակությունը, իշխանության ճյուղերի տարանջատմանը զուգահեռ, զսպումների և հակակշիռների լավագույն մեխանիզմներից մեկն է:

Հենց դա էր մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու շարժառիթը, որի մեջ մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու տարի: Նորացված Սահմանադրությամբ մեր երկրում հստակեցվեց իշխանության տարբեր ճյուղերի իրավասությունների շրջանակը՝ շեշտադրելով բոլոր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու քաղաքացիների ձայնի լսելիությունը։

Արդյունքում, մեր երկրում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձևավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները։ Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման և քաղաքական կոալիցիաների ձևավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում և որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները:

Հայաստանն իր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց՝ ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից՝ այնպիսի սահմանադրական համակարգի ձևավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երևույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և լավագույն պայմաններ կապահովի երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար:

Գալիք շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն. ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության և նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության և կոնսենսուսի արդյունք էր: Ազատ և արդար ընտրությունների անցկացման և ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ։ Ավելին, անսալով ընդդիմության ցանկությանը՝ մենք համաձայնեցինք ներդնել ընտրությունների անցկացման այնպիսի թափանցիկ նորամուծություններ, որոնց հանդեպ վերապահումներ ուներ նույնիսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Բայց մենք գնացինք այդ քայլին, քանի որ այս փուլում ամենից կարևորն ընթացող գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է:

Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնում միջազգային մեր բոլոր գործընկերներին և, մասնավորապես, Եվրոպական միությանը, գործընթացի ամենասկզբից մեզ աջակցելու համար: Իրականացված բարեփոխումների ընթացքն ու արդյունքները բարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական միության կողմից:

Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, և ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը:

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս մեր գլխավոր նպատակը ուղղակի խորհրդարանական համակարգի ներդրումը չէր, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդումը՝ իշխանության ապակենտրոնացման և ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու միջոցով: Կարծում ենք՝ այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության և քարոզչության կենսագործումն էր։ Այն լուրջ վնաս հասցրեց կարգավորման գործընթացին: Ադրբեջանի ագրեսիան կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի։ Սա կարծիք չէ, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում ստեղծված և մեզ պարտադրված իրականություն։

Ահավասիկ, ապրիլյան պատերազմին հետևած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաև հակամարտության գոտում այդ ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Սակայն Ադրբեջանն իր՝ արդեն սովորական դարձած վարքագծի համաձայն շարունակաբար խուսափում է այդ պայմանավորվածությունների իրականացումից՝ հայտարարելով, որ դրանց իրագործումն իբր ամրապնդելու է ձևավորված ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում:
Եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը չէր գիտակցում, թե ինչ ծանր հարված է հասցնում խաղաղությանը, որքան է խորացնում ստատուս քվոն, որքան հետ է մղում բանակցային գործընթացը:

Ակնհայտորեն Բաքուն ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է իր ներքին հարցերի` սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ աճող դժգոհությունից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

Հենց այդ պատճառով Բաքվում վերջերս հայտարարեցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն իբր իրենց «ներքին գործն է»: Ղարաբաղյան հիմնահարցով արդեն տարիներ շարունակ որպես միջնորդներ զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափով: Հավանաբար Բաքվում վատ երազ են տեսել և դրանից եզրակացրել, թե միջազգային հանրության այս երեք խոշորագույն դերակատարներն իրենց բոլոր բարդ գործերը թողած՝ հանկարծ սկսել են զբաղվել Ադրբեջանի «ներքին գործով»:

Դա ընդամենը մեկ օրինակ է աբսուրդի այն թատրոնի, որը բեմականացնում են Բաքվում: Մենք ստիպված ենք շարունակաբար բախվել դրան գրեթե ամենօրյա ռեժիմով: Սակայն երբեմն լինում են նաև անկեղծության պոռթկումներ: Դրանցից մեկի ժամանակ Ադրբեջանի ղեկավարը, փորձելով իր ենթակաների առջև արժևորել իրեն, հրապարակայնորեն խոստովանեց, որ բանակցությունների փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և միայն ինքն է, որ կարողանում է դիմանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ճնշումներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ որպես միջնորդներ, կոչված են նաև կանխելու հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումները: Հրանոթների արկերի տակ ընթացող բանակցությունները երբեք խոստումնալից լինել չեն կարող:

Ահա այս հանգրվանում է այժմ գտնվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը: Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը սկզբունքորեն դեմ են ուժի կիրառմանը և հանդես են գալիս հիմնահարցն օր առաջ խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու օգտին:
Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության նոր փորձերը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց իր՝ Ադրբեջանի համար: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համարժեքորեն արձագանքելու ուժի կիրառման ցանկացած փորձի:

Չնայած Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին՝ Արցախի ժողովուրդը շարունակում է հաստատակամորեն կերտել սեփական ապագան։ Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձևավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի և Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսևորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձևավորելով իր գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում և լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին:

Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարևան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն:

Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:

Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնի է, որ կայուն զարգացումը հանրային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Իսկ պետության կտրվածքով առհասարակ որևէ զարգացում չի կարող կայուն լինել, եթե այն հիմնված չէ ամուր տնտեսության վրա:

Վերջին տարիների զարգացումները փաստում են, որ Հայաստանը կարողացավ սուղ ռեսուրսների պայմաններում ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Այդ հաջողությունները գալիս են ապացուցելու, որ մեր տնտեսության զարգացման հիմնական աղբյուրը մարդկային կապիտալն է: Որպես օրինակ բերեմ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը, որ վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» և այլն: Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանայք ամենաներգրավվածներից են աշխարհում։ Այս ուղղությամբ տարեկան մենք արձանագրում ենք շրջանառության 20-25% միջին աճ: ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:
Տնտեսական զարգացման ստանդարտ մոդելներով դժվար է ապահովել առաջընթացի այն մակարդակը, որը թույլ կտա դիմագրավելու առկա համաշխարհային մարտահրավերները: Ուստի, մեզ անհրաժեշտ էր նոր տեսլական՝ նորարարական մոտեցումներով և լուծումներով: Մենք կարողացանք ձևավորել հանքահումքային ռեսուրսներից անկախ տնտեսական համակարգ: Ի տարբերություն տարածաշրջանի մի շարք երկրների, որոնցում վերջին տարիների տնտեսական ճգնաժամը հանգեցրեց տնտեսության ապակայունացման, ազգային տարադրամի արժեզրկման՝ Հայաստանն ապացուցեց, որ նույնիսկ շրջափակման և ռեսուրսային սահմանափակման մեջ գտնվելով՝ կարողացավ ձևավորել կայուն և կանխատեսելի տնտեսություն, գրանցելով առաջընթաց մի շարք միջազգային ինդեքսներով, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017», ինչպես նաև վարկանիշային «Ֆիտչ» գործակալության վերջին զեկույցներում: «Դուինգ բիզնես 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

Եվ անցած տարվա վերջին ձևավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես՝ եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի միջազգային միջավայրը քննարկելիս՝ չեմ կարող չանդրադառնալ սիրիական ճգնաժամին: Ճգնաժամի սկզբից մինչ օրս Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ փախստական: Իհարկե, ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ:

Սակայն մենք անում ենք ավելին: Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա. օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, այլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Երեկ մենք Նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին:

Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականության կենսունակությանը: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:

Կարևորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։

Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:
Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի:

Միաժամանակ, Հայաստանը, պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար: Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։

Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտապես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով։

Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին:

Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման, տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ,

Եզրափակելով իմ ելույթը՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել աշխարհում և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման կարևորությունը: Համոզված եմ, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է լուծել միջազգային հանրության համախմբված ջանքերի շնորհիվ: Եվ խորհրդանշական է, որ Երևանի կոնյակի գործարանում պահվում է այսպես կոչված «խաղաղության տակառը»՝ շրջապատված Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դրոշներով։ Դա հաշտության և խաղաղության ակնկալիքի սոսկ մեկ խորհրդանշական դրսևորում է: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ աշխարհահռչակ հայկական կոնյակով կազդարարենք մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը՝ զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով Հարավային Կովկասի բոլոր բնակիչների համար։

Շնորհակալություն»: 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:47
«Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Երևանի ավագանին կավարտի աշխատանքը: Տարեվերջյան այսօրվա նիստում քննարկվելու են...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել: Դրանցից...
Աղբյուր` Panorama.am
08:42
Դեկտեմբերի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:18
Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը։  Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}