Պատգամավորը՝ Ալեգրովայի չեղարկված համերգի մասին. Լուրջ կոռուպցիոն գործընթաց է
«Իրականում «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը զբաղված է մախինացիաներով, քաղաքացիներին թալանելով: Սա լուրջ կոռուպցիոն գործընթաց է, որի դեմը կարծես թե ցանկություն չկա առնել»: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ ընկերության կողմից կազմակերպվող հերթական համերգի չեղարկմանը, ասաց Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա դուստրը բազմաթիվ այլ քաղաքացիների պես դեռ չի ստացել Ռամազոտիի՝ չեղարկված համերգի մի քանի տոմսերի գումարը:
«Ես զարմանում եմ, ընդհանրապես մեր իրավապահ մարմիններն ինչով են զբաղված, երբ շատ քաղաքացիներ թալանվում են: Որևէ բան այդ ուղղությամբ չի արվում, ապշելու բան է»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Լյուդմիլա Սարգսյանը պատրաստվում է ԱԺ-ում՝ առաջիկա հարց ու պատասխանի ժամանակ խնդիրը ներկայացնել արդարադատության նախարարին, ակնկալելով լսել հարցի պատասխանը:
Նա Էրոս Ռամազոտի համերգի տոմս գնած ու գումարները չստացած քաղաքացիների հարցն էլ բարձրացրեց խորհրդարանում, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց.
«Կարծում եմ, իրավասու մարմինները, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում հետևողական կլինեն: Եթե այդտեղ կան քրեական հանցակազմի տարրեր, ապա իրավապահ մարմինները դրան ևս ականջալուր կլինեն, անարձագանք այդ ամենը չի մնա»:
Մինչ այսօր արձագանքը չի լսվել: Ի դեպ, ընկերության տնօրենը սպառնացել էր դատի տալ պատգամավորին:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ում ընկերությունն արդեն դատի է տվել, Panorama.am-ի հետ զրույցում հիշեցրեց, ընկերության կողմից կազմակերպվող երրորդ համերգն է, որ չեղարկվում է՝ «Լենինգրադ» խմբինը, Էրոս Ռամազոտիինը, Իրինա Ալեգրովայինը:
«Ու այս ընկերությունը զբաղված է մարդկանց դատի տալով, փոխարեն սեփական պարտականությունները կատարի»,-ասաց նա:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահն ընդգծում է, սա սպառողների իրավունքների ու շահերի ոտնահարում է, սրանից ավելին չի լինում:
«Երբ նման դեպքերում պետական վերահսկողություն չկա, սպառողը մնում է անպաշտպան, որովհետև չի կարելի տնտեսվարողի բարեխղճության վրա հույս դնել: Իսկ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում: Այս ընկերությունը վաղը չորրորդ համերգն էլ է դնելու ու էլի ոչ ոք իրեն ոչ մի բան չի ասելու»,-ասաց նա:
Իրավապահ մարմինների անգործության պայմաններում Ռամազոտիիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները դիմել են դատարան՝ պահանաջելով իրենց գումարները: Վերջին նիստին, որ նշանակված է եղել փետրվարի 17-ին, ընկերության փաստաբանը չի ներկայացել: Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 12-ին՝ ժամը 11-ին: Ռամազոտիի համերը նախատեսված էր 2016-ի ապրիլին:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Panorama.am-ի «Սպառողների իրավունքների պաշտպանն իրավապահների ուշադրություն է հրավիրում «Forpostart production» ընկերության գործունեության վրա» հրապարակումն ուղարկել էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի գլխավոր վարչության պետին ստուգման համար: Ոչ դատախազությունից, ոչ ոստիկանությունից արձագանք չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Իրինա Ալեգրովայի՝ Երևանում նախատեսված համերգը չի կայանալու
- «Forpostart production» ընկերությունը խաբել է նաև պատգամավորին
- «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա
- «Ֆորպոստարտ». Սկսել է Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չի կայացել. հանդիսատեսը տեղեկացել է դռների մոտ