Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ. Էդ. Շարմազանով
«Մի քանի օրից կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները:
«Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակայունացնող քայլերը, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ամենաառաջնահերթ հիմնահարցը:
«Հենց դա է պատճառը, որ Հանրապետականն ընտրություններին մասնակցելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Հավելեմ, որ առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց»,- ասաց Է. Շարմազանովը:
Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում, նրա խոսքով, ամրապնդել և տեխնիկական վերազինում են իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը:
«Անվտանգության համակարգի ամրապնդումն, այո, մեր առաջնահերթությունն է: Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով»,- նշեց նա:
Է. Շարմազանովը նաև ասաց, որ յուրաքանչյուրը ստորադասի կուսակցական շահը և առաջնորդվի Հայրենիքի շահի գերակայությամբ. «Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում»: