ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ տիկին Մոգերինիի հետ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Երևանում կայացած հանդիպմանը քննարկում էին Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, որի մեկնարկը ժամանակին տիկին Մոգերինին անձամբ է ազդարարել: Նախագահ Սարգսյանն այդ ձեռքբերումը փոխադարձ հանձնառության և երկու կողմերի թիմերի նվիրված ու լուրջ աշխատանքի արդյունքն է համարել:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ, հիրավի, կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին:
ԵՄ բարձր ներկայացուցչի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նախագահը, ի պատասխան տիկին Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական
- Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների ՀՀ պետական բարձր պարգևներ է հանձնել
- ՀՀ նախագահ. Մեր սահմանած նշաձողը բարձր է՝ ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ
- Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար
- ՀՀ նախագահ. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա
- ԼՂ հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում. Տուսկ
- Բրյուսելում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ
- Սերժ Սարգսյան. Գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան