Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով. ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Սերժ Սարգսյանը և Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների ու հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում.
«Պարո՛ն Նախագահ,
Ջերմորեն ողջունում եմ Ձեզ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Հաճելի է Ձեզ կրկին հանդիպել: Մենք վերջին անգամ հանդիպել ենք անցյալ տարի հուլիսին Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ես նաև ողջունում եմ մեր շատ կառուցողական և հետաքրքիր քննարկումները, որ հենց նոր մեր հանդիպման ընթացքում անցկացրինք: Ես նաև ողջունում եմ այն գործընկերությունը, որ երկար տարիների ընթացքում մենք զարգացրել ենք ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև: Դա լավ է և՛ Հայաստանի, և՛ ՆԱՏՕ-ի համար: Ես ողջունում եմ այն, որ մենք մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր գործընկերությունը և շարունակել ամրապնդել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը: Մենք զարգացրել ենք մեր գործընկերությունը երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այս տարի Ձեր՝ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին միանալու 25-րդ տարեդարձն է: Դա որոշիչ ժամանակ էր, որ հաջորդեց Սառը պատերազմի ավարտին: Հենց դա է մեր գործընկերության հիմքը, որի վրա երկար տարիների ընթացքում մենք կառուցել ենք մեր հետագա համագործակցությունը:
Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում:
Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրոատլանտյան շրջանը դարձնել ապահով և առավել անվտնագ:
ՆԱՏՕ-ն հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որը համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության բնագավառներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին:
Ես ուզում եմ Ձեզ շնորհավորել նաև Զինված ուժերում բարեվարքության ծրագրում մասնակցելու համար, որն ուղղված է բանակում կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Ձեր՝ «Կանանց, խաղաղության և անվտանգության» վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործում գրանցացած առաջընթացի կապակցությամբ: Սրանք կարևոր քայլեր են մեր բոլորի համար:
Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով, ներառյալ՝ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է այդ ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերն:
Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսօր այստեղ գալու, ինչպես նաև մեր սերտ համագործակցության համար, որն, իմ կարծիքով, լավ է թե՛ Հայաստանի և թե՛ ՆԱՏՕ-ի համար:
Շատ շնորհակալ եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Ստոլտենբերգ․ Մենք Հայաստանի հետ կարող ենք ավելին անել
- ՀՀ նախագահ. Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա
- ԼՂ հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում. Տուսկ
- Բրյուսելում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ
- Սերժ Սարգսյան. Գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
- Հայաստանը չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին