Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը հատուկ անդրադարձել են Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման վերջին փորձին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ է կատարվել փետրվարի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձին: Նախագահն այն որակել է որպես սադրիչ քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից հասցեական և կոշտ արձագանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով հակառակորդի կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության զսպման կարևոր բաղադրամասերից մեկը: