Զավեն Բադոյանը վերադարձել է «Ալաշկերտ»
«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմի պատվիրակությունը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ Հայաստանի չեմպիոնը տասնօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Հավաքի շրջանակներում թիմը նաև երեք միջազգային ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» (0:2), «Վենտուրա Քոունթի Ֆուժնի» (0:1) և «Ռեալ Սոլթ Լեյքի» (1:2) հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, դեռևս ամերիկյան հավաքի ընթացքում «Ալաշկերտը» պայմանագիր էր ստորագրել Լեստեր Ստեֆան Պելտիերի հետ: Երևանյան թիմը համալրել են նաև Բելառուսի «Գոմելից» վերադարձած Զավեն Բադոյանը, Ացամազ Բուրաևը, ով առաջնության աշնանային հատվածում հանդես էր գալիս «Բանանցում» և ևս մեկ սերբ լեգեոներ՝ Սաշա Ֆիլիպովիչը:
24-ամյա այս ֆուտբոլիստի վերջին ակումբը սերբական «Նապրեդակն» էր, որի հետ «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում էր անցկացրեց անթալյան հավաքի ժամանակ: Բոլոր պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2018 թ. ամառը: Այսօր «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կհանգստանան, իսկ վաղը կվերսկսեն մարզումները: