Գ. Մինասյան. Ապավինել բացառապես միջազգային հնարության կոշտ արձագանքին՝ բավական չէ
Շփման գծում ստեղծված վիճակը Ադրբեջանի կողմից միջազգային հանրության խաղաղարար կոչերի ոտնահարման հետևանք է,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, որքան էլ ապրիլյան իրադարձություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականացրեց իր հիմնարար իրավունքները՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումներ Վիեննայում և Սանկ Պետերբուրգում, սակայն, ցավոք, Ադրբեջանին հնարավոր չեղավ համոզել, որ նա կարող է իր նպաստը բերել խաղաղարար գործընթացներին։
«Մյուս կողմից, հայկական 2 պետություններն ակնկալում են, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները ավելի հստակ դառնան, որպեսզի հնարավոր լինի շփման գծում խաղաղություն ապահովել։ Սա հնարավորություն կտա բանակցային գործընթացում առաջ շարժվել։ Սակայն երբ կա ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք, նորմալ բանակցային գործընթաց ակնկալել հնարավոր չէ»,- ասաց հանրապետական գործիչը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ժամանակն իզուր չի անցկացրել՝ առավել ամուր պաշտպանական համակարգերով զինելով առաջնագիծը, ինչի շնորհիվ էլ հակառակորդի դիվերսին խմբերի ցանկացած ոտնձգություն միանգամից նկատվում է։
«Կարծում եմ՝ այս մոտեցումն արդարացնում է իրեն, ավելին՝ պետք է խորացվի, որովհետև ապավինել բացառապես միջազգային հնարության կոշտ արձագանքին, բավական չէ։ Այդ հայտարարություններին Ադրբեջանն ակնաջալուր չի լինում։ Միայն մեր պաշտպանական հնարավորությունների հզորացումը կարող է զսպել ադրբեջանական կողմի սանձարձակ քայլերը»,- փաստեց խորհրդարանականը։
Ամփոփելով՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց՝ ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ իր արկածախնդրությունը չի կարող անհետևանք մնալ։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, բանախոսը նշեց, որ պատերազմի պետք է սպասել ամեն օր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին