Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակումից
Նախօրեին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ երեկոն։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փառատոնի երկու շաբաթ տևող համերգների ընթացքում երաժշտասեր ունկնդրին են ներկայացվել Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, դրան զուգահեռ, արտացոլվել են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդ՝ հայաստանաբնակ և սփյուռքի։
Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստի երևելի կոմպոզիտորներից մեկին՝ Հարո Ստեփանյանին, և կրում էր Հարո Ստեփանյան-ֆեստ խորագիրը։
Փառատոնի փակման համերգի ծրագրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Վաչե Շարաֆյանի ՙԵրկրորդ լուսինը՚ բալետից, Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, համաշխարհային պրեմիերա, մենակատար՝ Նարե Արղամանյան (Ավստրիա), Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան ՙՄարդու ճակատագիրը՚, որը նվիրված է Էդվարդ Միրզոյանին:
«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համախմբում է մեր լավագույն կոմպոզիտորներին և մենակատարներին։ Երաժշտական այս նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ այս փառատոնի համար։ Փառատոնն անցկացվում է հանրապետության Նախագահի հովանու ներքո, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ այն գործը, ինչին մեզ նվիրել ենք, անհրաժեշտ է մեր երկրին»,- ՀՊԵՆ-ի փոխանցմամբ ասել է երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։
Հարո Ստեփանյան-ֆեստի փակման համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է հանրահայտ LiveList.com կայքը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թվայնացվել են Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները
- Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակում կներկայացվեն կոմպոզիտորի երբևէ չկատարված ստեղծագործությունները
- Համերգ՝ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբլեյանին ընդառաջ