Ազատ ոճի ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 23-ից մարտի 8-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ: Այս հավաքի ընթացքում հայ ըմբիշները նախապատրաստվում են համապատասխանաբար Թուրքիայում և Սերբիայում կայանալիք առաջիկա միջազգային մրցաշարին ու Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, գլխավոր մարզիչը հավաքին հրավիրել է փետրվարի 16-18-ը Երևանում ընթացած 2017 թ. Հայաստանի առաջնության արդյունքներով ձևավորված ՀՀ ազգային հավաքականի 30 թեկնածուներին, ովքեր հիմնականում առաջնությունում 1-3-րդ տեղ գրաված ըմբիշներն են: Այս հավաքի ընթացքում ըմբիշները հատուկ ֆիզպատրաստվածություն են անցնում և մարզվում գորգի վրա, ու հիմնական ուշադրությունը կենտրոնացված է նրանց տեխնիկայի, արագաուժային որակների, դիմացկունության բարելավման վրա:
Ծաղկաձորյան հավաքի ավարտից մեկ օր անց՝ մարտի 9-ին, ՀՀ հավաքականը կմեկնի Թուրքիա, ուր Ստամբուլում մարտի 10-12-ը կմասնակցի Յաշար Դողու ավանդական՝ 45-րդ միջազգային մրցաշարին: Թուրքիայում Հայաստանը պատվիրակ կունենա բոլոր 8 քաշային կարգերում: Մարզիչներն այս ստուգատեսի համար հիմնականում ընտրել են հավաքականի առաջին համարներին` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կոջոյան (երկուսն էլ 74 կգ), Վահիկ Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան և Գեորգի Կետոև (երկուսն էլ 97 կգ), Անդրանիկ Գալստյան (125կգ):
Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ Թուրքիայի մրցաշարից հետո, նախքան մայիսի 2-7-ը Նովի Սադում (Սերբիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունը, նախատեսում են մարտի 26-ից Վլադիկավկազում երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք ունենալ Օսեթիայի ընտրանու հետ, ապա կկայանա ավարտական հավաք՝ Երևանում: