Գ. Մինասյան. Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել բեկումնային էր, քանի որ հանդիպումներ կայացան եվրոպացի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների հետ,- մամուլի ասուլիսի ժամանակ այցին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Հանդիպումների ընթացքում արձանագրվեց, որ վերջին 1-2 տարիների ընթացքում և՛ Եվրամիության, և՛ Հայաստանի կողմից շրջանակային համաձայնագրի առնչությամբ էական աշխատանք է կատարվել։ Սա չափազանց կարևոր բնագիծ է, որը հաղթահարվել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո։ Կյանքը ցույց տվեց, որ մեր պնդած «և՛, և՛»-ի քաղաքականությունն իրեն արդարացրեց։
Ցավոք, այն ժամանակ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ կտրուկ դեմ էին, որ իրականացվի «և՛, և՛»-ի քաղաքականությունը։ Նրանք պնդում էին «կամ, կամ»-ի քաղաքականությունը։ Սա ցավալի հետևանքներ ունեցավ հատկապես Ուկրաինայի համար։ Խորը և համապարփակ ասոցացման ճանապարհով գնացին նաև Վրաստանն ու Մոլդովան՝ իրենց կապերը նվազեցնելով Ռուսաստանի հետ»,- նկատեց բանախոսը։
Գագիկ Մինասյանի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը ցույց տվեց, որ Եվրամիությունն ըմբռնումով է մոտենում Հայաստանի ընտրած «և՛, և՛»-ի քաղաքականությունը։
Ըստ նրա համոզման՝ ԵՄ-ում հասկանում են, որ Հայաստանը մշտապես ցանկացել է լինել հզոր բլոկների շահերի համադրման և ոչ՝ հակադրման կետ։
«Փորձը ցույց է տալիս, որ հակադրման ճանապարհով գնացող երկրները լուրջ խնդիրներ են ունենում։ ԵՄ-ն հասկանում է, որ 21-րդ դարում բաժանարար գծերի քաղաքականությունը որևէ զարգացում չի կարող ապահովել։ Եվ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էլ գալիս էր ապացուցելու, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի տնտեսական շահերը համատեղող օղակ։
Բացի այդ, մեր երկիրը շատ ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ, հետևաբար կարող է օգնել երկու կառույցներին արտոնյալ պայմաններով տնտեսական հարաբերություններ կառուցել միմյանց հետ»,- ամփոփեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա՝ ամրապնդելու տնտեսական համագործակցությունը. «Իզվեստիա»
- Գ. Մինասյան. Ապավինել բացառապես միջազգային հնարության կոշտ արձագանքին՝ բավական չէ
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին