Բակո Սահակյան․ «Իսկանդեր»-ը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում
Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում։ Այս մասին «Գազետա․ռու»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի տիրապետության տակ առկա «Իսկանդեր» մարտավարական հրթիռներին։
«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է Բակո Սահակյանը։
Խոսելով արցախյան հակամարտությունում Ռուսաստանի դերակատարման մասին՝ Արցախի նախագահը նշել է, որ Ռուսաստանը տարածաշրջանային խաղաղության հարցում ծանրակշիռ դեր է խաղում։
«Ռուսաստանը կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանության հարցում։ Հենց Ռուսաստանի ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիր: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանն ակտիվ մասնակցում է բանակցային գործընթացում և ինչպես մյուս համանախագահ երկրները՝ հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական մոտեցմանը։ Իսկ ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացն ամբողջական կազմով՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- նշել է Սահակյանը։
Անդրադառնալով իր նախագահության տասնամյակին ու ձեռքբերումներին՝ Արցախի նախագահը նշել է, որ այդ ընթացքում շատ բան է արվել, իսկ ՀՆԱ-ն էլ կազմել է 7-9%․
«Իրականացվել են մի շարք ռազմավարական ծրագրեր մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Եթե ոչ վաղ անցյալում մենք ստիպված էինք էլեկտրաէներգիա ներմուծել, ներկայումս մենք ոչ միայն բավարարում ենք մեր պահանջմունքները, այլև արտահանում ենք և էլեկտրաէներգիա և հացահատիկային կուլտուրաներ։ Մեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղները դինամիկ զարգացում են արձանագրում»,- նշել է Արցախի նախագահը։
Պարբերականի հարցին, թե որպես նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ, ինչ հիասթափություն է ապրել, Բակո Սահակյանը նշել է․
«Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա կնախընտրեի այդ բառի փոխարեն կիրառել ցավ եզրույթը։ Դա անդառնալի կորուստների ցավն է: Այս տարիների ընթացքում, հատկապես 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ուխտադրուժ գործողությունների հետևանքով մահացել են ինչպես մեր տասնյակ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Նույնը զգում է Արցախի ցանկացած քաղաքացի, և ես` որպես այդ երկրի ղեկավար, կրկնակի զգում եմ այդ ցավը: Ընկածների լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում և մեր ժողովրդի պատմության մեջ»,- եզրափակել է Արցախի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
- Սերժ Սարգսյան. «Իսկանդերների» ձեռքբերումը հարկադրված քայլ է
- «Իսկանդերի» հետ կապված քննադատությունները մի քանի բացատրություն ունեն. քաղաքագետ
- Քաղաքագետ. «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար
- Պապյանը՝ «Իսկանդեր» զինատեսակի ցուցադրման մասին
- Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին