Բացառված չէ. Էդվարդ Նալբանդյանը՝ մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախի ճանաչվելու հարցին ի պատասխան
Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախը կճանաչվի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և նշել, որ հանդիպումն աշխատանքային էր:
«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:
Հարցին՝ թե « Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի», Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը»: