Տան Չժունչին հաղթեց Աննա Մուզիչուկին եզրափակչի երկրորդ պարտիայում
Փետրվարի 28-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության եզրափակչի երկրորդ պարտիան:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, եզրափակչի մասնակիցներից Աննա Մուզիչուկը երեկ նշում էր ծննդյան 27-ամյակը: Ի տարբերություն Մագնուս Կարլսենի, ով իր ծննդյան օրը հռչակվեց աշխարհի չեմպիոն, Աննա Մուզիչուկը պարտություն կրեց: Չինաստանը ներկայացնող Տան Չժունչին խաղում էր սպիտակ խաղաքարերով և հենց սկզբնախաղից ստացավ դիրքային առավելություն: Հետագայում դիրքային առավելությունը վերածվեց նաև նյութականի. 25-րդ քայլին Չժունչին շահեց զինվոր: Մուզիչուկը կարող էր պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով, սակայն հետագայում ևս թույլ տվեց որոշակի վրիպումներ և պարտիայի 56-րդ քայլին անձնատուր եղավ:
Այսօր տեղի կունենա եզրափակչի 3-րդ պարտիան: