«Բորուսիայի» ավտոբուսը ցեխից տրակտորն է հանել
Անսպասելիորեն Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ է մտել երրորդ դիվիզոնի ներկայացուցիչ «Շպորտֆրոյնդե Լոտտեն»։ Այս փուլում, համաձայն վիճակահանության, նրա մրցակիցը «Բորուսիան» էր։ Դորտմունդյան թիմն ստիպված էր այցելել մի փոքրիկ քաղաք, որն ընդամենը 14 հազար բնակիչ ունի։
Ճանապարհին, սակայն, դորտմունդցիների ավտոբուսը բախվել է խոչընդոտների. եղանակային վատ պայմանների պատճառով թաղվել է ցեխի մեջ։ Բարեբախտաբար, այդ ժամանակ կողքով տրակտոր է անցել, որը և ձեռնամուխ է եղել աստղային թիմին օգնելու գործին։
Ցավոք, «Բորուսիան» իզուր անցավ այդ ճանապարհը, քանի որ խաղը հետաձգվեց։ Տեղացած առատ ձյան պատճառով հնարավոր չէր կազմակերպել ֆուտբոլային խաղը։ Հանդիպման անցկացման օրը հայտնի կդառնա ավելի ուշ։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Հարկ է նշել, որ «Շպորտֆրոյնդե Լոտտեն» քառորդ եզրափակչի ճանապարհին ասպարեզից դուրս է թողել Բունդեսլիգայի 2 ներկայացուցչի՝ «Վերդերին» ու «Բայերին»։