Ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը
Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը։ Վերջին տուրում «Աէրոֆլոտ Օփենի» «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:
2017 թվականի «Աէրոֆլոտ Օփենի» հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Ֆեդոսեևն իրավունք ստացավ՝ մասնակցելու Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարին: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց 6,5 միավոր վաստակած Եվգենի Նայերը, իսկ Վլադիսլավ Կովալյովը եզրափակեց լավագույն եռյակը:
Սերգեյ Մովսեսյանը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանն իրենց ակտիվում գրանցեցին 4-ական միավոր և զբաղեցրեցին համապատասխանաբար 64-րդ և 65-րդ հորիզոնականները, իսկ Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավորով հանգրվանեց 84-րդ տեղում: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։
«Աէրոֆլոտ Օփենի» «B» խմբի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաբրիել Բատալյինին, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Հայաստանի երեք պատվիրակներ` Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը, առաջատարից հետ մնացին միայն մեկ միավորով և գրավեցին համապատասխանաբար 11-րդ, 14-րդ և 17-րդ հորիզոնականները: 16-ամյա Արամ Հակոբյանը նաև 14 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: «B» խմբում հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Դավիթ Միրզոյանը, ովքեր լրացրեցին միջազգային վարպետի նորմաներ:
«C» խմբում հաղթող դարձավ Գերման Բազեևը, ով 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այս խմբում մեր պատվիրակներից հաջող հանդես եկավ 16-ամյա պատանի շախմատիստուհի Արփինե Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 4 միավոր և 56 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: