Ադրբեջանը, պրակտիկայի համաձայն, տապալում է ԵԱՀԿ ամեն 3-րդ մշտադիտարկումը. Դավիթ Բաբայան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 1-ին ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը հերթական անգամ դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր: Նման գործելաոճը այդ երկրի համար սովորական է դառնում, այնինչ՝ դժվար է հիշել մի դեպք, երբ եվրոպական վերոնշյալ կառույցը գոնե մեկ անգամ իր դժգոհությունը հայտնի կատարվողի առնչությամբ։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ թեմայի շուրջ զրույցում նշեց, որ Ադրբեջանի այս քայլը պրակտիկա է, որը ժամանակ առ ժամանակ նրա կողմից գործի է դրվում։
«Ադրբեջանը, սովորության համաձայն, տապալում է ամեն 3-րդ մշտադիտարկումը, խախտում առաքելությունն իր առաջապահ դիրքեր դուրս բերելու պայմանավորվածությունը։ Սա արվում է՝ խոչընդոտելու ԵԱՀԿ առաքելության բնականոն գործունեությունը, որովհետև առաքելությունը դիրքեր դուրս չբերելու որևէ օբյեկտիվ հիմք գոյություն չունի։ Որքան էլ մենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կամ գրասենյակի անդամներին հորդորում ենք կարգավորել այս վիճակը, ոչինչ չի ստացվում»,- փաստեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ արդյոք ԵԱՀԿ առաքելությունն ինքը ոչ մի անգամ չի հորդորել պաշտոնական Բաքվին՝ դադարեցնել արատավոր պրակտիկան և թույլ տալ իրեն բնականոն աշխատանքներ իրականացնել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Եթե այդ կառույցը կոշտ կերպով չի արձագանքում Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ինչպե՞ս պետք է արձագանքի ԵԱՀԿ առաքելությունը հերթական անգամ առաջապահ դիրքեր դուրս չբերելու դեմ։ Կամ գուցե ԵԱՀԿ-ն հայտնում է իր դժգոհությունը, սակայն Ադրբեջանն այդպես էլ ականջալուր չի լինում»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը շեշտեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի այսօրինակ գործելաոճից դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, դիվանագիտական խողովակներով բողոքի ձայն բարձրացրել, սակայն՝ ապարդյուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան