Հայաստանում այսօր հրաշալի գրողներ են ապրում. Միլիտոնյան
Խորհրդային տարիների կարդալու ու գրելու բուռն սերն այսօր սակավացել է, ինչի մասին են վկայում տպագրված գրքերն ու գրողների թիվը,- Գրողների միջազգային օրվան (մարտի 3) ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Հիմա շատ քիչ երիտասարդներ են, որ գրել ուզում են: Երիտասարդ գրողների մուտքն է քչանում: Սա պետք է մեզ համար ցուցիչ լինի, որ գրականության, գրողի նկատմամբ մենք չունենք պատշաճ վերաբերմունքն: Պետք է այնպես անել, որ գրողի գիրքը ընթերցվի: Գրական հանդիպումների, քննարկումների պակաս կա այսօր»,- մտահոգություն հայտնեց ԳՄ նախագահը:
Նա հիշեցրեց, որ նախկինում՝ խորհրդային տարիներին գրական հանդիպումներ էին կազմակերպվում գյուղերում:
Կարևոր խնդիրներից Միլիտոնյանն առանձնացրեց հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունները. «Պիտի կարողանանք լավագույն գրքերը զատել և հնարավորություն ստեղծել դրանց տպագրման ու թարգմանման համար»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե երիտասարդ ստեղծագործողներից շատերը նախընտրում են տպագրելու փոխարեն իրենց ստեղծագործությունը ներկայացնել համացանցում, Միլիտոնյանն ասաց. «Ես հարգում եմ դա, բայց բացի համացանցից, պետք է չմոռանալ գրական ամսագրերի, թերթերի մասին: Ինձ ավելի հետաքրքրում է այն մարդու կարծիքը, որն ունի գրական ճաշակ, ընթերցելու որակ»,- ասաց նա:
Վերջում ԳՄ նախագահը հավելեց, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում այսօր հրաշալի գրողներ են ապրում: