«Ֆորս-մաժորը» քիչ է հավանական . Սերգեյ Մինասյան
«Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ասոցացման պայմանագրի «լայթս» տարբերակն է։ Բայց քանի որ Հայաստանը տարիներ առաջ դարձել է ԵՏՄ անդամ, աշխարհաքաղաքական կոնտեքստը փոխվել է։ Այժմ այս փաստաթուղթն առավելագույնն է, ինչ կարող էինք ստանալ նման աշխարհաքաղաքական իրավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Նա միաժամանակ նշեց՝ մնում է հուսալ, որ ստորագրվելիք փաստաթուղթը միտված կլինի Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանը՝ նպաստելով կողմերի միջև ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացմանը։
«Քաղաքական իրականությունը փոխվեց, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Եվրամիության հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացն արագացավ միմիայն ԵՄ-ի ճկունություն ցուցաբերելու պատճառով։ Պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը չի պարունակում անվտանգային այնպիսի տարրեր, որոնք կանհանգստացնեին Ռուսաստանին և կհարուցեին նրա խանդը։ Իհարկե, տեսական առումով Հայաստանը 2013-ի սեպտեմբերի 3-ին կարող էր այլ որոշում ընդունել։ Դա, սակայն, անվտանգային և մի շարք խնդիրներ կհարուցեր։ Ելնելով Արցախյան հիմնախնդրի առկայությունից՝ մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ բան պետք էր զոհաբերել»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը։
Փորձագետը քիչ հավանական համարեց ֆորս-մաժորի հնարավորությունը, որը կկասեցնի փաստաթղթի հնարավոր ստորագրումը ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի հատկապես արտաքին հարաբերությունների հավասարակշռման տեսանկյունից, քանի որ ուժեղացնում է արտաքին գործընկերների հետ հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
- «ՌԴ-ն բավականին խանդոտ է և ՀՀ-ԵՄ ցանկացած հարաբերություն ընդունում է որպես իր դեմ քայլ»
- Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան