Երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25 000 դրամի չափով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական փոխանցումներ կատարելու մասին որոշումը: Այն նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխից ծնողը կարող է գումար փոխանցել ցանկացած բանկային հաշվի` բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամ:
Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել նաև.
1) հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,
2) ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,
4) հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար: