Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
«Ելք» դաշինքը Դավիթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի տարածքային ցուցակում ներառել է պատգամավորության 14 թեկնածուի։ Նրանցից հանրությանն առավել հայտնի են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության թիվ 2 ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկված է թվով 7 թեկնածու, նրանց թվում՝ Երևանի ավագանում անդամ Գագիկ Բաղդասարյանը, Հ2 հեռուստաընկերության հաղորդավար Արմինե Հովհաննիսյանը և «Վելլա ստուդիա»-ի վաճառքի մենեջեր Վերոնիկա Դանիելյանցը։
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այս ընտրատարածքում առաջադրել է 14 պատգամավորության թեկնածուի։ Նրանցից հանրությանն առավել հայտնի են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Արման Ավագյանը, հրապարակախոս, «Բարեփոխում» ՀԿ-ի ղեկավար Կարինե Հակոբյանը և Հեռուստատեսության և ռադիայի ակադեմիայի պրոռեկտոր Արմինե Ավդալյանը։
Թիվ 2 ընտրատարածքի տարածքային ցուցակում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն էլ ներառել է 11 թեկնածուի։ Առաջադրվածների թվում են ԱԺ պատգամավորներ Վահան Կարապետյանը և Տիգրան Ուրիխանյանը, գործարար աշխարհի 2 ներկայացուցիչներ՝ Զոհրաբ Զոհրաբյանը և Մելիք Սաֆարյանը։ Նրանցից առաջինը ղեկավարում է «Տրանս ինթերնեյշնլ գրուպ Նյու Յորք, Դուբայ, Մոսկվա, Երևան» ՍՊԸ-ն, երկրորդը՝ «Պրահա» ՍՊԸ-ն։
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ 11 հոգուց բաղկացած տարածքային ցուցակում ներգրաված են ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորի Գրիգորյանը, ՀՊՏՀ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, ՀԱԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արման Մուսինյանը։ Մյուս թեկնածուները հանրային լայն շրջանակներին անծանոթ են։
ՀՀԿ-ի թիվ 2 ընտրատարածքի 13 հոգանոց տարածքային ցուցակում ներկայացված են «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդի Արման Բաբլոյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Սարգսյանը։ Ցուցակում են նաև մի քանի դպրոցների տնօրեններ։
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուների շարքում մեծամասամբ թոշակառուներ են, ինչպես օրինակ, Խաչիկ Խաչատրյանը, Նինա Ղազարյանը և Նելլի Հակոբջանյանը։ Պատգամավորության մի քանի ներկայացուցիչների անձնական տվյալների դիմաց էլ նշված է, որ վերջիններս չեն աշխատում։
Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ապա թիվ 2 ընտրատարածքի 10 հոգանոց տարածքային ցուցակում ներառված են «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Գայանե Աբասյանը, «Անելիք բանկ» ՓԲԸ-ի իրավաբան Գևորգ Արզումանյանը և ամենատարբեր ոլորտների ևս 8 թեկնածու, որոնց անունները, սակայն, հանրությանը ոչինչ չեն ասում։
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում առաջադրում է պատգամավորության 12 թեկնածուի, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, տտնտեսագետ Միքայել Մանուկյանին, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին, Այրվածքաբանության և ճառագայթային բժշկության գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանին, Նորքի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Միրիջանյանին, ՀՀ կրթության ազգային ինստիտուտի տնօերն Նորայր Ղուկասյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան