Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին
B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը օրերս պայմանագիր է կնքել «Audi»-ի մրցարշավային ստորաբաժանում՝ «LMS Engineering»-ի հետ: Նա մրցաշրջանը կանցկացնի Audi RS3 LMS մեքենայով: Գորոյանը մինչ մայիսի 28-ին կայանալիք նյուրբուրգրինգյան լեգենդար մարաթոնը կմասնակցի 2 մրցարշավի, ևս 7-ը կանցկացնի մարաթոնից հետո:
2017-ին Գորոյանի թիմակիցներ են գերմանացիներ Թոմաս Վասելն ու Մարկուս Լյոհներթը: Հայ-գերմանական էկիպաժը մրցաշրջանի առաջին 4-ժամանոց մրցարշավին կմասնակցի մարտի 25-ին, իսկ 2-րդը կկայանա ապրիլի 8-ին: Այնուհետև, ըստ VLN օրացույցի, ապրիլի 22-23-ին թիմը կմասնակցի 24-ժամյա մարաթոնի որակավորման մրցումներին: Թիմի նպատակը չեմպիոն հռչակվելն է: