Ռուս մասնագետները Հայաստանը դիտարկում են ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պատվիրակությանը և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչներին:
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ նախարարությունը կարևորում է համագործակցությունը ռուս գործընկերների հետ և պատրաստ է իր կողմից անել հնարավորինը առկա ներուժը օգտագործելու համար:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովն իր խոսքում նշել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են, որպես ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում լուրջ պոտենցիալ ունեցող երկիր և այդ իսկ պատճառով ձևավորված մեծ խմբով են եկել Հայաստան` տեղում ծանոթանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով:
ՌԴ «ЭЛВИС» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն Յարոսլավ Պետրիչկովիչը նշել է, որ արդեն իսկ ունեն հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ և այս հանդիպումների արդյունքում էլ ավելի կխորացնեն իրենց համագործակցությունը: