ԱՄՆ-ի մերձավորարևելյան նոր քաղաքականությունը փոխում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը
Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին տեղեկացրել է, որ մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Իրան:
Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս մակարդակը գնահատելիս պետք է առանձնացնել երկու գործոն՝ կրոնաքաղաքական և տնտեսական: Հասան Ռոհանիի կառավարությունը, շեշտը դնելով տնտեսական բաղադրիչի վրա, փորձեց լրացնել վերջին տարիներին ադրբեջանական ուղղությամբ ունեցած բացը, այն է՝ տնտեսական կապերի խորացման միջոցով մի կողմից լուծել իրանական ապրանքների արտահանման հարցը, իսկ մյուս կողմից տնտեսական ազդեցության մեծացմամբ նվազեցնել Թուրքիայի ու Իսրայելի ազդեցությունը:
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի մերձավորարևելյան նոր քաղաքականության համատեքստում փոխվում է նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, այն է՝ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներ Թուրքիային ու Իսրայելին այսուհետ վերապահվում է տարածաշրջանում շիայական Իրանի դիրքերի թուլացմանը նպաստող դերակատարություն:
Ադրբեջանի իշխանությունների՝ վերջին շրջանում տեղի շիա հոգևորականների նկատմամբ կիրառվող աննախադեպ բռնաճնշումներն ու Իրանի թյուրքախոս բնակչության գործոնի շահարկումը լիովին համահունչ են Թուրքիայի և Իսրայելի հակաիրանական քաղաքականությանը:
Այդ առնչությամբ էր, որ օրերս Իրանում Ադրբեջանի դեսպանն Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելիի կողմից խիստ նկատողություն ստացավ:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այցին՝ նշենք, որ սովորաբար Իրանի առաջատար լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների լուսաբանումից կարելի է եզրակացնել, թե Իրանի իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն երկիր այցելող նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, իսկ Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված՝ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի նկատմամբ իրանցիների վերաբերմունքը պաշտոնական Բաքվի համար այնքան էլ հուսադրող չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան