Լուիս Էնրիկեն մրցաշրջանի վերջում կհեռանա «Բարսելոնից»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին։ Այդ մասին նա նշել է Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղին հաջորդած մամուլի ասուլիսում։ Լուիս Էնրիկեն իր որոշումը բացատրել է հանգստանալու ցանկությամբ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնը» 6։1 հաշվով պարտության է մատնել «Սպորտինգին»։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Էնրիկեն «Բարսելոնը» գլխավորում է 2014 թ. մայիսից՝ ակումբի հետ ստորագրելով եռամյա պայմանագիր։
Առաջին իսկ մրցաշրջանում իսպանացի մասնագետը հաղթել է երկրի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում։
Հաջորդ մրցաշրջանը նույնպես հաջող էր «Բարսելոնի» համար։ Թիմին կրկին հաջողվեց նվաճել Իսպանիայի չեմպիոնի ու գավաթակրի կոչումները, սակայն Չեմպիոնների լիգայում կատալոնցիները քառորդ եզրափակչում զիջեցին «Ատլետիկոյին»։
Վերջերս «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով ջախջախվեց ՊՍԺ-ի կողմից։ Հնարավոր է՝ հենց այդ հանդիպումից հետո է 46-ամյա մասնագետը հասկացել, որ հանգստի կարիք ունի։
Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ «Բարսելոնը» կարող են գլխավորել Ռոնալդ Կումանը և Մասիմիլիանո Ալլեգրին, ովքեր այժմ համապատասխանաբար աշխատում են «Էվերտոնում» և «Յուվենթուսում»։