Առողջապահության ոլորտում ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 26 մլրդ դրամի ներդրում
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։
Նա կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում, հատկապես` մարզերում, զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։
Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։
«ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը»-նշել է նախարարը` մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:
Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4մլրդ ՀՀ դրամ։