«ՌԴ-ն բավականին խանդոտ է և ՀՀ-ԵՄ ցանկացած հարաբերություն ընդունում է որպես իր դեմ քայլ»
«Հայաստանը, գնալով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին և Եվրամիության հետ հարաբերություններ կառուցելուն, անընդհատ փորձում էր չբարկացնել ԵՏՄ-ին»,-այսօր կազմակերպված քննարկմանը նման տեսակետ հայտնեց փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում այսօր ունենք ոչ ամբողջական փաստաթուղթ։
«Համաձայնագրից հանվել է խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ դրույթը։ Այնինչ՝ սա շատ կարևոր է կետ է, որը մեր ժողովրդին հնարավորություն կտար զգալու տնտեսական զարգացման միտումը։ Մենք այսօր ստեղծել ենք գործընկերության մի մակարդակ, որտեղ փաստվում է զուտ գործընկերային հարաբերույթունների մասին։ ԵՄ-ն ասում է, որ Հայաստանն իր գործընկերն է, սակայն նրա գործընկերն են նաև Չինաստանը, Սիրիան ու Ադրբեջանը։ Սա, կարծում եմ, բավարար մակարդակ չէ։ Իհարկե, համաձայնագրում նշված է, որ համագործակցություն պետք է ծավալվի էներգետիկայի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, բայց ինձ համար դա առնվազն անհասկանալի է։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ էներգետիկ ռեսուրսների զգալի մասը՝ մոտ 90 տոկոսը, գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում։ Բոլոր դեպքերում, համաձայնագրի ստորագրումը դիտարկելով դրական լույսի տակ՝ կարող ենք փաստել, որ գոնե ունենք ԵՄ-ի հետ բանակցություններ վարելու բազիս»,- նկատեց բանախոսը։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության թեմային՝ Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝ այդ կառույցի անդամ երկրները, ինչպես օրինակ Ղազախստանն ու Բելառուսը, ամեն կերպ ցույց են տալիս, որ կառույցի լուրջ ակնկալիքներ չարժե ունենալ։ Ղազախստանը, ըստ փորձագետի, մեկ անգամ չէ, որ փաստել է՝ ԵՏՄ գործակցությանը համաձայն է այնքանով, որքանով այդ անդամակցությունը չի խանգարի միջազգային այլ կազմակերպությունների հետ իր գործակցությանը։
«Ամեն դեպքում, Ռուսաստանը բավականին խանդոտ է և ցանկացած հարաբերություն Եվրոպայի հետ ընդունում է որպես քայլ իր դեմ»,- նկատեց բանախոսը։
Ամփոփելով՝ նա կրկին շեշտեց՝ լավ է, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է, բայց եթե խորը և համապարփակ առևտրի վերաբերյալ կետը դրանում բացակայում է, նշանակում է՝ Հայաստանում արևմտյան ներդրումների համար բարենպաստ հեռանկարներ չեն ստեղծվում։
«Փոխարենը Հայաստանն իր վրա է վերցնում արդարադատության համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մի շարք պարտավորություններ»,- հիշեցրեց Հովհաննես Իգիթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է. տնտեսագետ
- Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը.հայտարարություն
- ԱԳՆ. Մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել Հայաստան-ԵՄ բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան