Սմարթֆոններ՝ «VivaStart» կրթական ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողներին
Հայաստանի հեռահաղորդակցությանշ օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 2015թ.-ից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողների՝ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները,-տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Նախապատրաստական դասընթացներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների և սակագնային պլանների, էթիկայի կանոնների, ՄոբիԴրամի ծառայությունների, ինչպես նաև ընկերության ընթացակարգերի և գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո, տարբեր մարզերից ընկերություն ժամանած ուսանողները հնարավորություն են ունենում երկամսյա ժամանակահատվածում բուհական գիտելիքները դրսևորել գործնականում և սպասարկման կենտրոններում ձեռք բերել բաժանորդների հետ արդյունավետ, քաղաքակիրթ և պրոֆեսիոնալ շփման հարուստ փորձ:
«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016 թվականի շրջանավարտ ուսանողների առջև խնդիր էր դրել. մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Ակնկալվում էին նաև առաջարկություններ:
Առաջադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած 40 ուսանողի աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել և հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադևոսյանն ու Արփինե Փանոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ արժանացել են մրցանակի՝ Huawei Honor 6X սմարթֆոնների:
«Որևէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձևավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության և վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարևոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը և առաջարկությունը: Ամենակարևոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է: Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաև ճկուն և գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր ծրագրերի միջոցով, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսանողությանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայի կայուն զարգացման կարևորագույն նախապայման են և որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի նպատակ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան