Շախմատի կանանց չեմպիոնի կոչման պայքարը շարունակվում է
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնության եզրափակչի երրորդ պարտիան: Երկու պարտիայից հետո Չինաստանը ներկայացնող Տան Չժունչին առաջ էր գտնվում հաշվի մեջ: Երրորդ պարտիայում Ուկրաինան ներկայացնող Աննա Մուզիչուկը խաղում էր սպիտակ խաղաքարերով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, պարտիայում կիրառվել է ֆրանսիական պաշտպանություն: Խաղի հենց սկզբից Մուզիչուկը ստացել է առավելություն, իսկ 13-րդ քայլին Տան Չժունչին կոպիտ վրիպում է թույլ տվել: Հաղթանակի հասնելու համար Մուզիչուկը պետք է կատատեր երկու խաղաքարի զոհաբերություն:
Շուրջ կես ժամ մտածելուց հետո Մուզիչուկը կատարել է հաղթական քայլը, որից հետո սպիտակները ստացել են որոշիչ առավելություն, իսկ 32-րդ քայլին Տան Չժունչին անձնատուր է եղել:
Հետաքրքիր է նկատել, որ շախմատիստուհիները գլխաշորերով են։ Փաստորեն շախմատի թագը հիմք չէ Իրանում գլխաշոր չկրելու։