Էդգար Մանուչարյան. «Ապացուցեցինք, որ երբեք չի կարելի հանձնվել»
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Ուրալ»-«Կրասնոդար» խաղից հետո եկատերինբուրգյան թիմի պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Ուրալը» կարողացել էր հավասարեցնել հաշիվը` 3 գնդակի տարբերությամբ զիջելուց հետո: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի արդյունավետ էին իրացրել «Ուրալի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով:
84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած «Ուրալ» վերադարձած Էդգար Մանուչարյանը հաջող էր իրացրել 11 մետրանոց հարվածը:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Հայտնվել էի մի իրավիճակում, որ մնացել էի առանց ակումբ, սակայն «Ուրալն» աջակցեց ինձ, հակառակ դեպքում` մինչև ամառ կմնայի առանց թիմ: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Գավաթային խաղում անհավանական բան արեցինք: Սա մեր հաղթանակն է և մենք արժանի էինք դրան: Խաղում էինք երկրպագուների համար:
«Ուրալից» հեռանալու հետ կապված կարող եմ ասել, որ մարդը երբեմն պետք է սխալներ թույլ տա, որպեսզի հետագայում այն չկրկնի: Գիտեի, որ այսպես է լինելու: Ուզում էի կյանքումս ինչ-որ բան փոխել, բայց միշտ չէ, որ դա լավ ավարտ է ունենում: Կարևորն այն է, որ կարողացա ապրել այդ պահերը: Պարզ է, որ այստեղ շատ բան է փոխվել: Առաջ այլ կոլեկտիվ էր, հիմա էլ թիմում շատ են լավ տղաները: Հաճելի է, երբ նոր ընկերներ ես ձեռք բերում: Բոլորի հետ լավ հարաբերություններ եմ հաստատել:
Մինչև հիմա չենք հավատում, որ հաղթել ենք գավաթային խաղում: Ամեն ինչ մեզ հակառակ էր` առաջին րոպեներից սկսած, բայց մենք ապացուցեցինք, որ երբեք չի կարելի հանձնվել: Պետք է մինչև վերջ առաջ գնալ և օգնել միմյանց: Մենք արեցինք անհնարինը:
«Կրասնոդարն» ուժեղ մրցակից է, ուստի հաղթանակի բերկրանքը կրկնապատկվում է: Լավ հնարավորություն ունենք եզրափակիչ դուրս գալու: Պետք է օգտվենք այդ շանսից»,- ասել է Մանուչարյանը:
Վերջում հայ ֆուտբոլիստը նշել է, որ նոր մրցաշրջանին 100 տոկոսով պատրաստ չէ, սակայն աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք կբերի և շատ շուտով լիարժեք պատրաստ կլինի: