ՈՒԵՖԱ-ի համաժողովին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Թբիլիսիում մասնակցել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության զարգացման համաժողովին, որը կայացել է փետրվարի 28-ից մարտի 2-ը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, Թբիլիսի մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը, ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժնի պետ Մարինա Թաշչյանը:
ՈՒԵՖԱ-ի զարգացման համաժողովում, որին մասնակցել են 22 երկրների ազգային պատվիրակություններ, քննարկվել են ֆուտբոլի զարգացման և մասսայականացման ամենատարբեր հարցեր: Անդրադարձ է եղել այնպիսի երկրների փորձին, ինչպիսիք են Շվեդիան և Իռլանդիան: Քննարկվել են ֆուտբոլի պետական ֆինանսավորման հիմնահարցերը և նույնականացվել արդի մարտահրավերները:
Առանձին ուշադրության են արժանացել Արևելյան Եվրոպայի երկրներում մասսայական սպորտի կառույցների, ֆուտբոլում կանանց և աղջիկների ներգրավման, դպրոցներում ֆուտբոլի մասսայականացման և մարզային ակումբների զարգացման հիմնահարցերը: Մասնակիցները համակարծիք են եղել, որ ֆուտբոլը ոչ միայն մեծ ճանաչում վայելող մարզաձև է, այլև դրական ազդեցություն է ունենում հասարակության տարբեր շերտերի և ոլորտների վրա: