Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը:
«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել Բուլղարիա: Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարտիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:
2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե ոչ»,-տնօրենի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Արթուր Սեդրակյանը նշել է, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը: Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 9-ը: