Հայաստանում ազգային փոքրամասնություններն ու Շահին Միրզոևը կլոր սեղանի շուրջ
«Վերջին ժամանակներում Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում նկատվում է ատելության, բռնության քարոզչության աճ: Մենք դա նաև զգացինք ապրիլյան պատերազմի ժամանակ, որի ժամանակ եղան դաժանություններ, խոշտանգումների դեպքեր»,- «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Քննարկմանը ներկա են Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, վերջերս Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Ադրբեջանից ժամանած թալիշ ընդդիմադիր լրագրող Շահին Միրզոևը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, ընտրված թեման արդիական է ոչ միայն Հայաստանի, նաև Արցախի Հանրապետության համար:
«Մեր գործունեության ընթացքում մենք ուշադրություն ենք դարձնում այս խնդրին: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպանն իր զեկույցում անդրադարձ կատարել էր այլատյացությանը վերաբերող հարցերին՝ որպես ապրիլյան պատերազմի բուն նախահիմք»,- ասաց նա:
Ռ. Մելիքյանի խոսքով, Ադրբեջանի բաց աղբյուրներին հետևելով, հասկանում են, թե ինչ վիճակ է այդ երկրում այլատյացության մասով. «Որքան էլ լավատես լինենք, դրական տեղաշարժ չենք կարող արձանագրել»:
Նա նշեց, որ հավանական է այս ուղղությամբ առանձին զեկույց հրապարակեն, փաստահավաք գործունեությունը շարունակում են:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանում ձուլման քաղաքականությունից չեն կարողացել խուսափել մահմեդական որևէ տեղաբնիկ ժողովուրդի ներկայացուցիչ:
«Ադրբեջանում խոսել սեփական էթնիկական պատկանելիության մասին, դիտարկվում է որպես հանցանք»,- նշեց նա: