«Կերոսինի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին»
«Ելք» դաշինքի անդամ, Քաղաքացիակն պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը կերոսինի թեմայով այսօր առավոտյան երկրորդ զրույցն է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավաստիացնելով, որ խնդիրը լուծված է։
«Կերոսինը սկսել են մաքսազերծել։ Ես ասում եմ, որ գնումներն իրականացնում են պետական մարմինները, և համապատասխան չինովնիկները, ովքեր ապօրինություններ են թույլ տալիս, պետք է պատժվեն։ Մենք հետագայում կփորձենք ավելի մանրամասն պարզել, թե ինչ տեղեկությունների հիման վրա է այդ հայտարարությունն արվել»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Ասուլիսին ներկա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին ավելացրեց, որ կերոսինի գործի համար պետք է պատախանատու լինեն բոլոր մեղավորները։
«Վարչապետի այդ հայտարարությունը շատ եմ կարևորում։ Եթե դա անկեղծության պոռթկում էր, ազնվության դրսևորում՝ միանշանակ ողջունելի է։ Կերոսինի վերաբերյալ հարցին պետք է պատասխանի գործող պաշտպանության նախարարը։ Նա պարտավոր է պատասխանել այդ հարցին։ Վիգեն Սարգսյանը պետք է ասի՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ մասշտաբների, վառելիքի պատճառով որքա՞ն տեխնիկա Ապրիլյան պատերազմի ժամանակ չի կարողացել դուրս գալ։
Պետք է ճշտել՝ վարչապետը դա կե՞ղծ է ասել Սեյրան Օհանյանին մեղադրելու համար։ Եթե այդպես է, ապա դա արդեն շատ վատ բան է: Այս ամեն ինչը պարզել է պետք: Ես խնդիրը չեմ տեսնում կոնկրետ մարդուն պատժելու առումով: Կա խնդիր , և եթե այդ խնդիրն իրողություն է, պատժելու խնդիրն արդեն երկրորդական է»- նշեց նա։
Արամ Սարգսյանի խոսքով, պատասխանատվության պետք է ենթարկվի մեղավոր յուրաքանչյուր մարդ՝ սկսած վառելիքը ներկրողից, տեղում խառնողից, վերջացրած գլխավոր շտաբի աշխատակիցներով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ կերոսինի վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, ինչը նշանակում է, որ պետք է պատշաճ քննություն իրականացվի, մեղավոր անձինք բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին խորհրդարանում բարձրացրել էր կերոսինի ներկրման հարցը։ Կարեն Կարապետյանն ի պատասխան հայտարարել էր. « Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան