«ՄՅու»-ի կիսապաշտպանը պատրաստ է ավարտել կարիերան, եթե նոր առաջարկ չստանա
«Մանչեսթեր Յունայթեդի» փորձառու կիսապաշտպան Մայքլ Կարրիկը մրցաշրջանի վերջում կարող է ավարտել կարիերան։ Նա մտադիր չէ ելույթները շարունակել մեկ այլ ակումբում և պատրաստ է խաղակոշիկները կախել մեխից, եթե ակումբը որոշի չշարունակել համագործակցությունը։
«Արդյոք Մոուրինյոյի հետ խոսե՞լ եմ պայմանագրիս երկարաձգման մասին։ Առայժմ նրա հետ մանրամասն զրուցելու հնարավորություն չեմ ունեցել։ Բայց, կարծում եմ, դա շուտով տեղի կունենա, ես չեմ անհանգստանում դրա համար,- Կարրիկի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Հասկանում եմ, որ չեմ մասնակցելու բոլոր հանդիպումներին։ Այդ առումով նույնպես խնդիրներ չունեմ։ Բայց, անկախ ամեն ինչից, ես հենց խաղալ եմ ուզում, այլ ոչ թե մնալ թիմում՝ այն հիմքի վրա, որ «դու արդեն վաղուց ես մեզ հետ, ուստի մենք քեզ պահում ենք»։ Ես դա չեմ ուզում։
Չեմ կարծում, թե կան մեծ թվով այնպիսի ակումբներ, որտեղ դեռ կցանկանայի խաղալ։ Եթե, ընդհանրապես, նմանները կան այն բանից հետո, ինչ ինձ հետ կատարվել է «ՄՅու»-ում։ Եթե ինձ նոր պայմանագիր չառաջարկեն, ես, ամենայն հավանականությամբ, կավարտեմ կարիերաս։ Վերջնական չեմ կարող ասել, բայց, հավանաբար, հենց այդպես էլ կլինի»։