Մարկո Դևիչն զգուշանում է Հենրիխ Մխիթարյանից
«Ռոստովի» հարձակվող Մարկո Դևիչը մեկնաբանել է «Տոմի» նկատմամբ իր թիմի՝ 6։0 հաշվով հաղթանակը ռուսաստանյան Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում, ինչպես նաև կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպալի լիգայի 1/8 եզրափակչի՝ մարտի 9-ին Դոնի Ռոստովում կայանալիք խաղից ակնկալիքներով։
«Այսօրվա հաղթանակը գերազանց արդյունք է։ Սակայն միևնույն ժամանակ մենք սխալներ ունեինք, որոնք չպետք է գործենք։ Հատկապես՝ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի նախօրեին։
Գեղեցիկ հաղթանակի առթիվ շնորհավորում եմ թիմակիցներին, մարզիչներին ու «Ռոստովի» երկրպագուներին։ Ինչ վերաբերում է «Տոմին», նկատելի էր, որ նրա կազմում մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։ Գիտեինք, որ «Տոմը» ծանր պայքար է մղում ուժեղագույնների մրցաշարում տեղը պահպանելու համար։
Առջևում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղն է։ Սակայն մարզչական շտաբը մեզ նախազգուշացրել է, որ եթե ցանկանում ենք հաջորդ տարի նույնպես խաղալ Եվրոպայի լավագույն թիմերի դեմ, անհրաժեշտ է հաղթել Պրեմիեր լիգայում ու միավորներ վաստակել։ Ուստի «Ռոստովը» հոգեբանորեն պատրաստ է։
«Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա խաղը տոն է Դոնի Ռոստովի համար։ Թիմակիցներս արժանի են դրան, և ես հպարտ եմ, որ նրանց հետ եմ։ Չենք վախենում անգլիական թիմից։ Կարծում եմ՝ պետք է գործենք հնարավորությունների 200 տոկոսով։
Դեռ չենք վերլուծել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը։ Կնշեմ, որ այդ թիմում տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ կան։ Նրանցից մեկը Զլատան Իբրահիմովիչն է, ով նշանակալից դեմք է ոչ միայն «ՄՅու»-ում, այլև ողջ համաշխարհային ֆուտբոլում։ Նաև կնշեմ Հենրիխ Մխիթարյանին, ով շատ խնդիրներ կարող է ստեղծել մեզ համար, եթե լավ մարզավիճակում լինի։ Միևնույն ժամանակ բոլորը գիտեն, որ Ժոզե Մոուրինյոն մեծագույն մարզիչ է։ Այդ իսկ պատճառով «Ռոստովը» պատրաստվում է պատասխանատվությամբ մոտենալ «կարմիր սատանաների» հետ խաղին»,- Դևիչի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։