Երիտասարդ ըմբիշներն ուժերն են փորձարկում Ռոման Դմիտրևի հուշամրցաշարում
Այսօր Սախայի մայրաքաղաք Յակուտսկում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Ռոման Դմիտրևի հուշամրցաշարը, որին մասնակցում են 14 երկրների`Իրանի, Հայաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Իսրայելի, Ադրբեջանի և Ռուսաստանի ավելի քան 200 ուժեղագույն պատանի ըմբիշներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են 11 ըմբիշներ: Մեր ընտրանին արդեն մեկ շաբաթ է Յակուտսկում է ու հենց տեղում նախապատրաստվում է միջազգային հուշամրցաշարին: Այստեղ մրցագորգ ելնողների թվում են՝ պատանիների 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն Ռազմիկ Պապիկյանը (55 կգ), պատանիների 2015 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (60 կգ), պատանիների 2014 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Մխեյանը (66 կգ), անցյալ տարվա Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Մհեր Մարկոսյանը (84 կգ), երիտասարդների 2016 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սարգիս Հովսեփյանը (96 կգ) և 2015 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):
Յակուտսկի հուշամրցաշարից հետո մեր երիտասարդ ըմբիշների համար կարևորագույն մրցումը ապրիլի 6-8-ը Երևանում տեղի ունենալիք 2017 թ. ՀՀ երիտասարդական առաջնությունն է, որի արդյունքներով կձևավորվի երիտասարդական ընտրանին: Վերջինս էլ կսկսի նախապատրաստվել 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 27-ից հուլիսի 2-ը` Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: