Առանց Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բորնմուտին»: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս հանդիպմանը:
Հաշիվը 23-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը: Աչքի ընկավ Մարկոս Ռոխոն, սակայն հյուրերի պաշտպան Ջոշուա Կինգը 40-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: 2-րդ դեղին քարտն ստացավ և խաղադաշտից հեռացվեց Էնդրյու Սուրմանը:
72-րդ րոպեին մանկունյանցիները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Ի դեպ` վերջին անգամ Իբրան ազգային առաջնություններում 11 մետրանոցից վրիպել էր 2015 թ. սեպտեմբերին:
Այսպիսով` խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով, և «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 27 խաղերից հետո վաստակած 49 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: