ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. ԱՄՆ պետքարտուղար
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ԱՄՆ գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ քառորդդարյա պատմություն ունեցող հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերով նոր լիցք կստանան։
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` պետքարտուղար Թիլերսոնն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն արժևորում է երկու երկրների միջև ջերմ և ամուր հարաբերությունները և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքը։
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։
ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին