Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին անծանոթ քաղաքացին 60 հատ շաուրմա է ուղարկել
Ի աջակցություն Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդները միայն մի փոքր մրսել են՝ չնայած ծանոթ-անծանոթ մարդիկ նրանց տաք ծածկոցներ են բերել և դեռ շարունակում են բերել։
Այսօր առավոտյան, երբ Panorama.am-ի թղթակիցն այցելեց նստացույցի վայր՝ Ազատության հրապարակ, ակցիայի նախաձեռնող Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, դեռ քնած էր։ Արթնանալով՝ նա հայտարարեց, որ ինքն ու իր ընկերները մտադիր են մինչև վերջ պայքարել։
«Քանի դեռ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի և նա կշարունակի մնալ անազատության մեջ, մենք մեր նստացույցը չենք դադարեցնի։ Երբ տեսնենք, որ իրավիճակը չի փոխվում, հնարավոր է՝ նաև հացադուլ հայտարարենք։ Արթուր Սարգսյանի ազատության համար մեր պայքարը գործնական պայքար պետք է լինի։ Խոսելու փոխարեն պետք էր գործել, և ի տարբերություն մարդկանց, որոնք միայն խոսում են, մենք ընկերներով որոշեցինք գործ անել։ Եթե ուրիշ մարդիկ բողոքի ակցիա կազմակերպեին, մենք՝ երիտասարդներս կմիանայինք նրանց, բայց տեսնելով, որ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, որոշեցինք ինքներս նստացույց հայտարարել»,- բացատրեց Շահեն Հարությունյանը։
Նրա խոսքով, թեև բազմաթիվ մարդիկ քննադատում են իրենց, նստացույց նախաձեռնելու իրենց քայլը, սակայն պարզ է, որ նման կերպ վարվում են ինքնապաշտպանական բնազդից ելնելով, արդարանալու նպատակով։
«Հաճախ ասում են՝ Ազատության հրապարակում մանկապարտեզ է։ Այդպես խոսողներին ուզում եմ ասել՝ այստեղ չափահաս մարդիկ են հավաքված, որոնք գիտեն՝ ինչու և ինչ նպատակով են Ազատության հրապարակում»,- շեշտեց Շահեն Հարությունյանը։
Շանթ Հարությունյանի որդին տեղեկացրեց, որ նստացույցն սկսելու առաջին օրվանից իսկ բազմաթիվ քաղաքացիներ են եկել Ազատության հրապարակ, սնունդ և անհրաժեշտ իրեր բերել։ Երեկ նույնիսկ մի քաղաքացի, ով ցանկացել է անհայտ մնալ, 50-60 հատ շաուրմա է ուղարկել երիտասարդներին։
«Մեր նպատակը, ոչ թե Արթուր Սարգսյանին ոգեշնչելն է, այլ նրա ազատմանը հասնելը։ Նա քաղբանտարկյալ է, խղճի, բարոյականության, արժանապատվության և մարդասիրության բանտարկյալ։ Յուրաքնաչյուրս պետք է մի բան զոհենք, որ հասնենք նրա ազատ արձակման։ Իմ պարագայում, օրինակ, համալսարանի դասերս են տուժում։ Դասի չեմ գնում, այստեղից բացակայում եմ միայն այն ժամանակ, երբ լողանալու համար տուն եմ գնում»,- ամփոփեց Շահեն Հարությունյանը։
Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներից Մաքս Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ երեկ թեև անծանոթ քաղաքացիներ են մոտեցել և իրենց կոնյակ առաջարկել, սակայն սադրանքների չտրվելու համար մերժել են նրանց։ Ոստիկաններն էլ այս օրերին հավուր պատշաճի հսկել են տարածքի անդորրը, միայն այսօր վաղ առավոտյան ավտոմեքենաների բարձր ազդանշաններով արթնացրել են քնած երիտասարդներին։