«Բարսելոնը» որոշել է չհրավիրել աջ պաշտպանի
«Բարսելոնի» ղեկավարությունը որոշել է աջ պաշտպանի տրանսֆերի գնումը հետաձգել մինչև ամառ։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Ալեյշի Վիդալի լուրջ վնասվածքի պատճառով «Բարսելոնն» իրավունք ուներ նոր խաղացողի հրավիրել տրանսֆերային պատուհանից դուրս։ Այդուհանդերձ, կատալոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է, որ չարժե ծախսեր կատարել, ինչի մասին տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
Մինչև մրցաշրջանի ավարտը «Բարսելոնը» պետք է 13 հանդիպում անցկացնի Լա լիգայում՝ գումարած գավաթի խաղարկության եզրափակիչն ու նվազագույնը մեկ խաղ Չեմպիոնների լիգայում։ Չնայած դրան՝ ակումբում կարծում են, որ մինչև ամառ կարող են դիմանալ առանց նոր աջ պաշտպանի։