Գիտաժողովից. Դերենիկ Դեմիրճյանը ճակատագրական գրող է
Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին նվիրված գիտաժողով, բացվեց ժամանակավոր ցուցադրություն:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսում ներկայացրել են հիմնականում այնպիսի նյութեր, որոնք ժամանակին խորհրդային ցենզուրայի կողմից չեն ընդունվել, բայց մարդու կենսագրություն է ու չի կարելի անտեսել:
«Իհարկե, նման նյութերը շատ են: Մի քանի տարի առաջ Դեմիրճյանի արխիվում գտել ենք «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը, որն արդեն լույս է տեսել գրքով: Հայտնություն էր, որ 1950-ական թվականներին հայ լուրջ մտավորականը կարող էր փաստերով զբաղվել Ղարաբաղի, Նախիջևանի ճակատագրի քննությամբ»,- նշեց նա:
Թանգարանի տնօրենի խոսքով, գտել են «Արջուկ լրջուկ» հեքիաթը, որը 1944 թվականին մեկ անգամ լույս էր տեսել ու խորապես մոռացվել: Ազգային գրադարանից գտել են մեկ օրինակ ու տպագրել:
«Գտել ենք «Հովնան Մեծատուն» անտիպ դրաման, ֆինանսավորման դեպքում առանձին գրքով կտպագրենք»,- հավելեց Կ. Ռաֆայելյանը:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան գրողներ, գրականագետներ, պատմաբաններ՝ ներկայացնելով Դեմիրճյանին որեպես գրող, հասարակական-քաղաքական գործիչ, նրա կապը թատրոնի, կինոյի հետ:
Արձակագիր, ՀՀ գրողների միության արձակի բաժնի վարիչ Ալիս Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այն սերնդից է, որ կրթվել է Դեմիրճյանով. «Քանի որ ուսումնական ծրագրերում կար Դեմիրճյան, նրա պատմվածքները, դրանով մենք սնվել ենք, մեծացել: Այս առումով, կարելի է ասել, ճակատագրական գրող է, միաժամանակ նաև դասական»:
Ա. Հովհաննիսյանը կարևորեց այն փաստը, որ Դերենիկ Դեմիրճյանի ժառանգությունը լավ ձեռքերում է գտնվում ի դեմս տուն-թանգարանի տնօրենի:
«Լավ է, որ դասականն իրենից հետո ունի պահապաններ: Րաֆֆին չի ունեցել այդ պահապանները: Րաֆֆին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի փրկությունը, հայրենիք ունեցավ, բայց թաղված է Թբիլիսիի Խոջիվանքում»,- նշեց արձակագիրը:
Խոսելով «Երկիր հայրենի» դրամայի մասին, նա ասաց, որ այն տարբեր բեմերում լավ բեմադրվել է, վերաբերում է 11-րդ դարի անցքերին. «Իմ վեպը՝ «Ճյուղեր-տերևներ», նույնպես վերաբերում է նույն շրջանին՝ Գագիկի գահակալությանը, բայց ես բոլորովին այլ կողմից եմ ներկայացրել: Առաջինը Դեմիրճյանն է եղել, որ ներկայացրել է Գագիկին որպես հայրենասեր թագավար: Այդ աշխատանքից հետո շատացան Գագիկ անունները, նաև Վահրամ. այդ ժամանակ սպարապետը Վահրամ Պահլավունին էր»:
Գրականագետ Ժենյա Քալանթարյանը նույնպես խոսեց «Երկիր հայրենի» դրամայի մասին:
«Ուշադիր լինելու դեպքում պիեսի սյուժեի մեջ և ենթատեքստում կարելի է գտնել այնպիսի ճշմարտություններ, որոնք ժամանակի իրականության դրսևորումն է: Կարելի է հեշտությամբ զուգահեռ անցկացրել Դեմիրճյանի ապրած ժամանակի, պիեսը գրելու ժամանակի, պիեսում պատկերվող ժամանակի միջև: Պատահական չէ, որևէ գրող որևէ պատմության թեմային պատահականորեն չի դիմում եթե ներքին կապ չի ստեղծում անցած պատմական ժամանակի և ներկա ժամանակի միջև»,- ասաց գրականագետը:
Դերենիկ Դեմիրճյանի եղբոր՝ Գևորգ Դեմիրճյանի ծոռ, պատմաբան Վահան Մելիքյանի խոսքով, շատերին թվում է, թե Դեմիրճյանը շատ զգուշավոր անձնավորություն է եղել, սակայն բերեց մի փաստ. «1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շրջանում՝ մայիսի 21-ին, Դերենիկ Դեմիրճյանը Երևանի նախկին անգլիական այգում Արամ Մանուկյանի հետ մասնակցել է հանրահավաքի, ոգեշնչել տեղի բնակչությանը Թուրքիային դիմադրելու հարցում: Նա միակ մեր անվանի մտավորականներից էր, ով 1918 թվականին եղել է Երևանում, մասնակցել այդ միջոցառմանը: Ավելի ուշ նա գրել է բանաստեղծություն՝ նվիրված մայիսյան հերոսամարտի զոհերին»:
Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է 1877-ին Ախալքալաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900 թվականին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903 թվականին մեկնել է Մոսկվա: 1905-1910 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899 թվականին, երկրորդը՝ 1913 թվականին։ Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի է ունեցել 1905-1907 թվականների հեղափոխության ազդեցությամբ։ Մինչև 1919 թվականը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային: Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Դ. Դեմիրճյանը մահացել է 1956 թ.Երևանում: